Ամենայն Հայոց Կաթողիկոսի Օրհնության գիրը` Լիբանանի «Սուրբ Էջմիածնի Կրոնասեր Տիկնանց Համախմբումի» անդամներին
Հոկտեմբերի 4-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվեց սուրբ եւ անմահ Պատարագ, որին մասնակցում էին «Սուրբ Էջմիածնի Կրոնասեր Տիկնանց Համախմբումի» անդամները, որոնք այս օրերին Վեհափառ Հայրապետի հրավերով գտնվում են Հայրենիքում` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանավորության ներքո նշելու Համախմբումի հիմնադրման 50-րդ տարեդարձը:
Պատարագիչն էր ԱՄՆ Արեւելյան հայոց թեմի փոխառաջնորդ Տ. Հայկազուն ծայրագույն վարդապետ Նաջարյանը:
Սրբազան արարողության ընթացքում Մայր Աթոռի Լուսարարապետ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանն ընթերցեց Ամենայն Հայոց Հայրապետի օրհնության գիրը` «Սուրբ Էջմիածնի Կրոնասեր Տիկնանց Համախմբումի» հիմնադրման 50-ամյակի կապակցությամբ:
«Միավորված Սուրբ Էջմիածնի սիրով, Տիկնանց Համախմբումի անդամները իրենց կյանքով ու հավատի գործերով նեցուկ դարձան Ամենայն Հայոց Հայրապետությանն ու Հայոց Հայրապետին, քաջալերելով մեր ժողովրդի զավակներին անխախտ պահել հավատարմությունը Սուրբ Էջմիածնին եւ օգտակարություն բերել Միածնի Էջքով սրբագործված մեր հավատո կենտրոնի շինությանն ու պայծառությանը: Մենք վկա ենք եղել, թե որքան բարձր էր գնահատում ձեր եկեղեցանվեր ծառայությունները եւ էջմիածնասեր ոգին երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Հայրապետը: Մեր գահակալության նախընթաց տասը տարիներին Մենք եւս բազում առիթներ ենք ունեցել ուրախանալու Սուրբ Էջմիածնի Կրոնասեր Տիկնանց համախմբումի կյանքի կոչած եկեղեցաշեն գործերով եւ փառաբանելու Բարձրյալն Աստծուն, որ մեր Եկեղեցուն պարգեւել է ձեզ պես հավատավոր ու ծառայասեր դուստրեր: Ձեր գործերով դուք լուսավոր նոր էջեր եք հավելում մեր Եկեղեցու պատմության մեջ եւ հավատավոր ընթացքով Ամենախնամ Տիրոջ օրհնությունը վաստակում ձեր, ձեր ընտանիքների եւ համայն մեր ժողովրդի համար:
...Սիրելիներ, յուրաքանչյուր հոբելյան անցյալը գնահատելու հետ մեկտեղ նաեւ սկզբնակետ է ապագայի գործունեության: Հիսնամյա հոբելյանը խանդավառության ու նոր ներշնչանքների հրավեր է ձեզ` հայրենապաշտ եւ եկեղեցասեր ոգու մեջ առավել զորանալու եւ աստվածահաճո նոր նախաձեռնություններով ձեր առաքելությունը զարդարելու համար: «Հաստատուն կացէք ի հաւատս, ժրացարուք, զօրացարուք: Ամենայն ինչ ձեր սիրով լիցի» (Ա Կորնթ. ԺԶ 13-14):
Հայոց Առաքելահաստատ Սուրբ Աթոռից, Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գահից Հայրական սեր ենք բերում ձեզ ու ձեր ընտանյաց անդամներին: Հայրապետիս աղոթքն է, որ Բարձրյալն Աստված Իր Ամենախնամ հովանու ներքո պահպանի Սուրբ Էջմիածնի Կրոնասեր Տիկնանց Համախմբումը եւ մշտառաք օրհնությամբ շնորհազարդի ձեզ ամենքիդ` պարգեւելով քաջառողջ, երկար կյանք եւ երկնահեղ ամենայն բարիք», - նշվում է Հայրապետական օրհնության գրում:
Սրբազան արարողությունից հետո Նորին Սրբության նախագահությամբ կատարվեց հոգեհանգիստ համախմբումի ննջեցյալ անդամուհիների հոգիների հանգստության համար, ովքեր իրենց կյանքով ու բարի գործերով հավաստեցին իրենց սերն ու նվիրումն առ ժողովուրդն հայոց եւ առ Մայր Եկեղեցին: